Posted in Reports 2021

Ընթերցանության կարևորությունը անգլերենի դասավանդման մեջ

Գրականությունն այն աշխարհն է, որտեղ, ինչպես Ալիսան հրաշքների աշխարհում, կարող ես ո’չ միայն թաքնվել մենակություն կամ ինքնաճանաչում փնտրելիս, այլ նաև ձեռք բերել նոր գիտելիք ու հմտություն՝ գրականությունից ճիշտ օգտվելու դեպքում։ Այս հոդվածն այն մասին է, թե ինչպես կարելի է ընթերցանությունը դարձնել ուսումնառության արդյունավետ միջոց և ընդգրկել հա’տկապես օտար լեզուների դասավանդման մեջ։

Ինչու՞ ընթերցանություն։ Ընթերցանության միջոոցոով դասավանդման ընդունված և արդյունավետ մեթոդ է, որը հա’տկապես արդյունավետ է օտար լեզուների դասավանդման մեջ։ Ավելին, ընթերցանությունը օտար լեզուների ուսումնառության 4 հիմնական բաղադրիչներից է։ Մենք՝ օտար լեզու դասավանդողներս, հաճախ մոռանում ենք, որ լեզուն պարզապես քերականական կանոնների ամբողջություւնը չէ, և օտար լեզու դասավանդելը չպետք է սահմանափակվի, օրինակ, Past Simple-ի ու Present Perfect-ի տարբերությունը բացատրելով։ Եվ լավագույն մոտեցումը կարող է լինել ընթերցանության միջոցով սովորողներին լեզվի հետ ծանոթացնելն ու մտերմացնելը։ Գրական տեքստերի միջոցով ուսումնառությունը  մոտիվացնում է սովորողներին լեզուն ընկալել ո’չ միայն որպես քերականական կանոնների ամբողջություն, այլ նաև տեսնել լեզվի գեղեցկությունը, ճկունությունը, խթանում է սովորողների հետաքրքրվածությանը լեզվով և ավելի հաճախ կիրառմանը։

Ընթերցանության հնարավորությունների մասին։ 

Երբ առաջացավ ընթերցանության միջոցով դասավանդման միտքը՝ առաջին քայլն, իհարկե, տվյալ մոտեցման մասին գիտական հոդվածներ ընթերցելն էր, այլ ուսուցիչների փորձի ուսումնասիրությունը և  երկարատև մտորումներն այն մասին, թե ինչպե՞ս կարող եմ այս մեթոդը կիրառել հենց ի’մ դասարաններում։ Ուսումնասիրելիս և, ավելի շատ, մեթոդը կիրառելիս միայն հասկացա, թե որքան շատ հնարավորություններ է տալիս գրականությունը։ Այն օգնում է ներգրավել ուսումնառության տարբեր կարիքներ ունեցող սովորողների և բոլորին ներառել դասի մեջ։ Գրականությունը միայն տեքստն ու դրա ընթերցումը չէ’, մենք նաև աուդիոգրքեր ենք լսում, սովորում ենք տարբեր բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր, դիտում ենք գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր, կազմակերպում քննարկումներ, իսկ հետագայում հույս ունեմ կազմակերպել նաև թեմատիկ ճամփորդություններ, որոնց ընթացքում կգնանք որևէ գրքի կամ հեղինակի հետքերով կամ կայցելենք գրքում նկարագրված վայրերը։  

Գրական տեքստերն արդյունավետ  են նաև լեզվաբանական ուսումնասիրությունների տեսանկյունից։ Դրանք  հնարավորություն են տալիս զարգացնել լեզվի ուսումնառության չորս հիմնական հմտությունները՝ խոսելու, լսելու, կարդալու և գրելու, ինչպես նաև հարստացնում են բառապաշարը։

Խոսելու և կարդալու հմտությունները զարգացնելու համար մենք, օրինակ, կազմակերպում ենք կլոր սեղան-ընթերցումներ, նաև ունենք բացօթյա ընթերցումների նախագիծ, որն իրականացնում ենք ամեն երեքշաբթի։ Բացի այդ՝ մենք ունենք նաև մեկ ամիս-մեկ գիրք նախագիծը, որի շրջանակում սովորողները, նախ,  ընթերցում են անգլալեզու գիրքը, որից հետո՝ ամսվա վերջին ուրբաթ օրը, մենք բոլորով հանդիպում ենք և  քննարկում այն։

Լսելու հմտությունը խթանելու համար մեզ օգնության են գալիս երգարվեստն ու ֆիլմերը։ Մենք լսում ու սովորում ենք անգլալեզու երգեր, որոնք հիմնված են որևէ գրական ստեղծագործության վրա, կամ դիտում ենք գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ։ Այստեղ կարող եք տեսնել տեսանյութ, որտեղ սովորողները պատմում են իրենց դիտած անգլալեզու ֆիլմերի մասին։

Շա կարևոր է խթանել նաև գրավոր անգլերենը։ Այդ նպատակով ես խորհուրդ տվեցի սովորողներին ընթերցելուց բացի գրել նաև անդրադարձման հոդվածներ կարդացած գրքերի ու տեսած ֆիլմերի վերաբերյալ։ Միշտ սիրով ու հետաքրքրությամբ եմ ընթերցում այդ վերլուծությունները, հատկապես սովորողներին ճանաչելու հարցում դա շա’տ է օգնում, քանի որ հենց դրանց միջոցով եմ հասկանում՝ որքան տարբեր  տեսանկյուններից կարելի է դիտարկել նույն տեքստը։ Հաճախ ես հանձնարարում եմ նաև առանձին կերպարների վերլուծություն, կերպարների համեմատություն, որևէ այլ ստեղծագործության հետ համեմատություն և այլն։ Բայց սովորողների համար ամենահեաքրքիր հատվածն այն է, երբ ընթերցելուց հետո կազմակերպում ենք հանդիպում-քննարկում, որտեղ կիսվում ենք գրքի վերաբերյալ կարծիքներով ու բանավիճում։ 

Գրական ստեղծագործությունների հետ դասարանային աշխատանքը կարող է ներառել նախապատրաստական առաջադրանքներ, տեքստի հետ ինտերակտիվ աշխատանք դասարանում և հետագա լրացումներ: Կարելի է գրքին անդրադառնալ հենց լեզվաբանական տեսանկյունից և հանձնարարել սովորողներին, օրինակ, տեքստից դուրս գրել դարձվածքներ, նկարագրողական հատվածներ, վերաձևակերպել հատվածը և այլն։  Ինչ վերաբերում է գրքի ընտրությանը՝ գրական տեքստերը կարող են ուսումնասիրվել թե՛ սկզնաղբյուրով, թե՛ պարզեցված կամ կրճատված տարբերակներով՝ կախված սովորողների գիտելիքներից։ Կան նաև բազմաթիվ գրական տեքստեր, որոնք գրվել են հատուկ անգլերենը որպես օտար լեզու սովորողների համար։ Ես, օրինակ, դասարանական աշխատանքի դեպքում նախապես ներկայացնում եմ գրական տեքստը, դասի ընթացքում սովորեցնում եմ ընթերցելու համար անհրաժեշտ բառապաշարը և միասին անում ենք բառապաշարի հետ կապված առաջադրանքներ: Արդեն դրանից հետո մենք ընթերցում ենք որևէ հատված ստեղծագործությունից, ընդգծում անծանոթ բառերը և քննարկում կարդացածը։ Իսկ գրական տտեքստ ամբողջությամբ արդեն հանձնարարվում է որպես լրացուցիչ առաջադրանք։

Մարտահրավերների մասին։ Գրականության միջոցով դասավանդելն ունի, իհարկե նաև որոշակի մարտահրավերներ, որոնց բախվեցի իմ փորձառության ընթացքում։  

  • Գրքի ընտրությունը։ Կարևոր է ընտրել գրքեր, որոնք արդիական են և հետաքրքիր սովորողների համար: Այդ նպատակով հաճախ ես խնդրում եմ սովորողներին, որ իրե’նք առաջարկեն գրքեր ու ֆիլմեր քննարկումների համար։
  • Թեմայի ընտրությունը։ Կարևոր է, որ ընտրված գրքի թեման ընկալելի լինի սովորողների համար, լինի ուսուցողական և հնարավորություն ընձեռի քննարկումների համար։ Իմ սովորողները շատ ավելի ոգևորվածությամբ են քննարկում այն թեմաները, որոնք իրենց մասին են ու իրենց կյանքից։
  • Լեզվական բարդությունը։ Կարևոր է, որ գրքերը համապատասխանեն սովորողների լեզվի իմացության մակարդակին: Միշտ գրքերն ընտրելիս սովորողներին բաժանում եմ խմբերի՝ հիմնվելով լեզվի իմացության վրա, և ըստ դրա ընտօրում և ուղարկում գիրքը։
  • Գրքի երկարությունը։ Ավելի կարճ տեքստերը կարող են ավելի հեշտ կիրառվել դասաժամի ընթացքում, իսկ երկար տեքստերը առաջարկում են ավելի շատ համատեքստային մանրամասներ, կերպարների և սյուժեի զարգացում:
  • Մշակութային դժվարությունը։ Նպատակահարմար չէ, որ տեքստերը լինեն մշակութային առումով այնքան տարբեր, որ այդ մշակույթին չպատկանող մարդիկ իրենց անմասն զգան գրքի սյուժեից և դուրս մնան քննարկումից:

Այս մարտահրավերներից խուսափելու համար մշակել եմ հարցեր ինքս ինձ համար, որոնց պատասխաններն օգնում են գիրքն ընտրելիս ու հետագայում գրքի հետ աշխատելիս՝

  • Արդյո՞ք թեման կհետաքրքրի սովորողների կոնկրետ խմբին:
  • Արդյո՞ք լեզվի մակարդակը համապատասխան է սովորողներին:
  • Արդյո՞ք ճիշտ է ընտրված գրական տեքստի երկարությունը և տեղավորրվում է ժամանակի մեջ:
  • Արդյո՞ք այդ ստեղծագործությունը պահանջում է մշակութային կամ գրականագիտական ծավալուն գիտելիքներ:
  • Արդյո՞ք այդ տեքստը կարող է  հեշտությամբ օգտագործվել լեզվի ուսուցման նպատակով:

Որպես եզրակացություն կարող եմ ասել, գրականությունը լեզուն և մշակույթը ճանաչելու լավագույն տարբերակներից է։ Գրականությունը հիանալի տարբերակ է նաև օտար լեզուն ուսումնասիրելու և սովորելու համար։ Գրականության միջոցով ուսումնառությունը ո’չ միայն արդյունավետ մեթոդ է, այլ նաև մոտիվացնող ու հետաքրքիր է սովորղների համար։

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք ընդգրկում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:

(c) Ժան Պոլ Սարտր

Author:

Teacher- Leader, English language specialist English language teacher at Sebastaci college

Leave a comment