Posted in Traveling projects

Քայլք Կոնդ թաղամասում

Նախագծի մասնակիցներ՝ 1.3 կուրսի ուսանողներ, զբոսաշրջության բաժնի սովորողներ՝ Անգելինա Դադյան, Էլեն Աբրահամյան, Աիդա Պոչիկյան

Նախագծի իրականացման օրը՝ 02.06

Մեկնում՝ Քոլեջ, ժամը 9:00

Նախագծի պատասխանատուներ՝  Արփի Թովմասյան, Մարիամ Քալանթարյան

Վերադարձ՝  16:00, Քոլեջ

Continue reading “Քայլք Կոնդ թաղամասում”
Posted in Traveling projects

Բարձրունքի ու վախի հաղթահարում․ Մեծ Շարա

Մեծ Շարան առաջին բարձրթւնքն էր, որը ես հաղթահարեցի։ Ասել, որ մինչ ճամփորդությունը անվստահ էի կամ վախենում էի, նշանակում է չասել ոչինչ։ Իսկ հիմա, ուրախ ու հպարտ, որ կարողացա հաղթահարել թե’ բարձրունքը, թե’ իմ ներքին վախերը, ուզում եմ ավելի մանրամասն կիսվել իմ տպավորություններով։ Սակայն, պատումը սկսելուց առաջ, կցանկանայի՝ տեսնեք, թե ուր ենք մենք գնացել։

Continue reading “Բարձրունքի ու վախի հաղթահարում․ Մեծ Շարա”
Posted in Uncategorized

Ֆիլմի դիտում և քննարկում

Թեմա՝ ֆիլմի դիտում անգլերենով, քննարկում

Համակարգող՝ Արփի Թովմասյան

Մասնակիցներ՝ 2.1 և 3.1 կուրսերի սովորողներ, դասավանդողներ

Օրը՝ 03.06, ժամը 9:00 Քոլեջի վերնատանը

Նկարագրությունը՝

Սովորողները դիտում են ֆիլմ անգլերենով։ Ֆիլմի դիտման ընթացքում սովորողները դուրս են գրում ֆիլմից կարևոր արտահայտություններ, կարևոր մտքեր։ Ֆիլմի դիտումից հետո սովորողները և դասավանդողները կլոր սեղանի շուրջ քննարկում են, թե ինչ տպավորություն ստացան ֆիլմից և ինչ սովորեցին, կիսվում են կարծիքներով և բանավիճում։

Նպատակը՝

Հունիսյան ճամբարի ընթացքում իրականացվող այս նախագիծը նպատակ ունի բարելավել սովորողների լսողական և խոսակցական անգլերենը։ Ֆիլմից հետո քննարկումը կօգնի զարգացնել խոսակցական անգլերենը, կխթանի քննադատական մտածելակերպը և բանավիճելու հմտությունը։

Արդյունքը՝

Նախագծի արդյունքներն ամփոփվում են սովորողների բլոգներում՝ պատումների, տեսնյութերի, նկարաշարերի տեսքով։

Մասնակիցներ՝

  1. Էլեն  Աբրահամյան 
  2. Լիլիթ Գրիգորյան 
  3. Ռոզա Խաչատրյան, հղումը
  4. Անուշ Հարությունյան 
  5. Աննա Հովսեփյան 
  6. Թամարա Մանուկյան , հղումը
  7. Բելա Մարտիրոսյան 
  8. Վիկտորյա Պողոսյան 
  9. Մելանյա Սարգսյան
  10. Ագապի Օհանյան 
  11. Էմանուելա Բուլղադարյան 
  12. Անի Աթաբեկյան 
  13. Հրաչուհի Մանվելյան
  14. Անահիտ  Աբգարյան
  15. Էլեն  Աբրահամյան
  16. Անի Բարսեղյան 
  17. Արևիկ Գևորգյան 
  18. Անգելինա Դադյան 
  19. Քնար Հարությունյան 
  20. Նելլի Միսկարյան 
  21. Մարիամ Շախվերդյան 
  22. Աիդա Պոչիկյան 
  23. Աստղիկ Գևորգյան 

Posted in Uncategorized

Երևանյան այգիներն ու գրականությունը

Թեմա՝ Քայլք Երևանի այգիներում, ընթերցանություն անգլերենով

Համակարգող՝ Արփի Թովմասյան

Մասնակիցներ՝ Տուրիզմի բաժնի երկրորդ և երրորդ կուրսերի սովորողներ

Օրը՝ 03.05, 9:00-15:00

Նպատակը՝

Սովորողները քայլում են Երևևանի այգիներով, ուսումնասիրում դրանք, մտագրոհ անում Երևանի այգիների դրական և բարելավման կողմերը։ Այնուհետև սովորողները բաժանվում են խմբերի և միասին կազմում Երրևանի այգիների բարելավման պլան։ Քայլքի շրջանակում սովորողները նաև ընդմիջում են անում Թումոյի այգում, տեղավորվում խոտերի վրա և ընթերցում գրականություն անգլերենով։ Սովորողներն իրե’նք են ընտրում իրենց սիրելի գրքից որևէ հատված, որը ցանկանում են ընթերցել, ինչպես նաև պատմում են, թե ինչու են սիրում այդ ստեղծագործությունը և ինչու է կարևոր այն կարդալը։

Posted in English Projects 2021-2022

Զրուցում ենք Հայաստան եկած զբոսաշրջիկների հետ

Թեմա՝ Հարցազրույց Հայաստան եկած զբոսաշրջիկների հետ

Համակարգողներ՝ Արփի Թովմասյան

Մասնակիցներ՝ Տուրիզմի բաժնի երկրորդ և երրորդ կուրսերի սովորողներ

Սկիզբը՝ Քոլեջ

Քայլքի երթուղին՝ Մաշտոցի փողոց- Օպերայի և բալետի թաատրոն- Կարապի լիճ- Հյուսիսային պողոտա- Հանրապետության հրապարրակ- Մաշտոցի փողոց

Continue reading “Զրուցում ենք Հայաստան եկած զբոսաշրջիկների հետ”
Posted in Reports 2021

Ընթերցանության կարևորությունը անգլերենի դասավանդման մեջ

Գրականությունն այն աշխարհն է, որտեղ, ինչպես Ալիսան հրաշքների աշխարհում, կարող ես ո’չ միայն թաքնվել մենակություն կամ ինքնաճանաչում փնտրելիս, այլ նաև ձեռք բերել նոր գիտելիք ու հմտություն՝ գրականությունից ճիշտ օգտվելու դեպքում։ Այս հոդվածն այն մասին է, թե ինչպես կարելի է ընթերցանությունը դարձնել ուսումնառության արդյունավետ միջոց և ընդգրկել հա’տկապես օտար լեզուների դասավանդման մեջ։

Ինչու՞ ընթերցանություն։ Ընթերցանության միջոոցոով դասավանդման ընդունված և արդյունավետ մեթոդ է, որը հա’տկապես արդյունավետ է օտար լեզուների դասավանդման մեջ։ Ավելին, ընթերցանությունը օտար լեզուների ուսումնառության 4 հիմնական բաղադրիչներից է։ Մենք՝ օտար լեզու դասավանդողներս, հաճախ մոռանում ենք, որ լեզուն պարզապես քերականական կանոնների ամբողջություւնը չէ, և օտար լեզու դասավանդելը չպետք է սահմանափակվի, օրինակ, Past Simple-ի ու Present Perfect-ի տարբերությունը բացատրելով։ Եվ լավագույն մոտեցումը կարող է լինել ընթերցանության միջոցով սովորողներին լեզվի հետ ծանոթացնելն ու մտերմացնելը։ Գրական տեքստերի միջոցով ուսումնառությունը  մոտիվացնում է սովորողներին լեզուն ընկալել ո’չ միայն որպես քերականական կանոնների ամբողջություն, այլ նաև տեսնել լեզվի գեղեցկությունը, ճկունությունը, խթանում է սովորողների հետաքրքրվածությանը լեզվով և ավելի հաճախ կիրառմանը։

Continue reading “Ընթերցանության կարևորությունը անգլերենի դասավանդման մեջ”
Posted in Reports 2021

Անհատ-տոտալիտար համակարգ փոխհարաբերությունը Ջորջ Օրուելի «1984» վեպում

           Հեղինակ՝ Արփի Թովմասյան
Հատված «Անհատ-տոտալիտարիզմ փոխհարաբերությունը Ջորջ Օրուելի «1984» վեպում» դիպլոմային աշխատանքից,

«Ազատությունը երկուսին գումարած երկու հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից»[1]:

1․1 Ջ Օրուելն իր ժամանակաշրջանի պրիզմայում

                «Նոր Սվիֆթ է ծնվել»․  ասում էին Օրուելի մասին իր ժամանակակիցները: ..Օրուելն ինքն էլ Սվիֆթին իր ուսուցիչն էր համարում[2]:

                Ջորջ Օրուելը կեղծանուն է, որով հանդես է եկել Էրիկ Արթուր Բլերը` սկսած 1933 թվականից. Էրիկը ծնվել է 1903 թվականի հունիսի 25-ին`Հնդկաստանի Մոթիհարի գյուղում[3]: Ինչպես նա նշում է  իր «Ինչու եմ գրում» էսսեյում` հինգ-վեց տարեկանից սկսած երազում է գրող դառնալ, իսկ դպրոցական տարիներին արդեն ձևավորվում են նրա գրական նախասիրությունները` Սվիֆթ, Ստեռն, Ջեկ Լոնդոն:  Օրուելն իրեն  քաղաքական գրող էր համարում[4]: Նա ուներ հստակ քաղաքական դիրքորոշում, հանուն որի պայքարում էր ոչ միայն գրչով, այլ նաև զենքով` Իսպանիայի քաղաքացիական պատերազմում: Իր սոցիալիստական հայացքներն Օրուելն առավելագույն արտահայտել է «1984» վեպում, որը լույս է տեսել 1949 թվականի հունիսի 8-ին: Նախնական մտահաղացմամբ՝ վեպն ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը: Վերնագրի ընտրության ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը` Օրուելի հրատարակիչը, պարզապես փոխել է վեպի ստեղծման տարեթվի վերջին երկու թվերի տեղերը[5]:

                Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է` երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով: Ամենից հաճախ վեպի հետ կապված տարբեր արգելքներ են եղել ԱՄՆ տարբեր նահանգներում: Լի Բերեսն իր ՙՀանրահայտ արգելված գրքեր՚ աշխատության առաջաբանում առանձնացնում է երեսուն այդպիսի գիրք, որտեղ Օրուելի ՙ1984՚ վեպը հինգերորդն է: Հիմնականում վեպը քարկոծվում էր չափազանց բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբար ազդել դեռահասների հոգեբանության վրա: Ուշագրավ է, որ ընդհուպ    մինչև հիմա վեպը թույլատրվում է ամերիկյան դպրոցական գրադարանների քառասուներեք տոկոսում միայն: Հայերեն վեպն առաջին անգամ տպագրվել է 2012 թվականին:[6]

               Չնայած, որ Օրուելի կանխատեսումներն ամբողջովին չեն իրականացել, գիրքն արդարացիորեն համարվում է հանճարեղ և պայծառատեսական. մենք ապրում ենք համեմատաբար ավելի ազատ աշխարհում, «Մեծ Եղբայրներն» ավելի հանդուրժող են և չեն զլանում մեզ համոզել, որ մենք ենք իրենց ընտրում:

                Լոնդոնում 1950 թվականի հունվարի 21-ին Օրուելը մահանում է թոքախտից՝ այդպես էլ հնարավորություն չունենալով ասել․ «իսկ ես զգուշացնում էի՝

  • Պատերազմը խաղաղություն է
  • Ազատությունը ստրկություն է
  • Տգիտությունն ուժ է»[10]։

            «1984»-ը վեպ է այն մասին, թե ինչպես են 2 մարդ փորձում պայքարել հանուն անհատականության  և չափազանց ուշ են հասկանում, որ տոտալիտարիզմն արդեն իրենց ենթագիտակցության մեջ է․ իրենք սիրում են Մեծ Եղբորը:

                Պատկերացրեք աշխարհ, որը բաժանված է երեք գերտերությունների` Օվկիանիայի, Եվրասիայի և Արևելասիայի միջև: Դեպքերը տեղի են ունենում Օվկիանիայի բնակչության թվով երրորդ պրովինցիայի` Թռիչքուղի Մեկի մայրաքաղաք Լոնդոնում: Պատերազմներից կիսաքանդ շինություններ, ատելության երկրոպե, ջին «Հաղթանակ», ծխախոտ «Հաղթանակ»: «Հաղթանակ», որովհետև անվերջ պատերազմներ են, թե ում հետ` կարևոր չէ․ կարևորը անդադար պատերազմն է, որը միակ արդարացումն է տնտեսական ապրանքների և սննդի  սակավության, կրթության ցածր մակարդակի, բնակչության 85 տոկոսը կազմող պրոլների աղքատության: Ամենուրեք հեռէկրաններ և ցուցապաստառներ են, որոնցից հետևում է միակ կուսակցության՝ Անգսոցի ղեկավար Մեծ Եղբայրը: Ոչ ոք չգիտի՝ արդյոք Մեծ Եղբայրն իրականում գոյություն ունի, թե ոչ, մեծ հաշվով դա կարևոր չէ․ կաևորն այն է, որ նա հետևում է բոլորին: Վերահսկմամբ է զբաղված նաև Մտքի Ոստիկանությունը: Ամենասարսափելին մտքի հանցագործությունն է, սակայն, չնայած նման խիստ վերահսկման, ոմանք դեռևս մտածում են:

                Կառավարման բրգաձև շենքում գտնվում են բոլոր չորս նախարարությունները: Պատերազմական գործողությունների համար պատասխանատու է Խաղաղության նախարարությունը, հանցագործությունների բացահայտմամբ և պատժով զբաղվում է Սիրո նախարարությունը, լրատվության, պատմական փաստերի կեղծմամբ զբաղվում է Ճշմարտության նախարարությունը, իսկ Առատության նախարարությունը զբաղվում է տնտեսության տնտեսմամբ: Նախարարությունների անունները կրկնամտքի վառ օրինակներ են: Կրկնամիտքը  հակասող երևույթները միաժամանակ ճշմարիտ համարելու կարողությունը, սովորությունն է՝ օրինակ, երբ երկուսին գումարած երկու հավասար է և՛ հինգի, և՛ յոթի, երբ ազատությունը ստրկություն է,  կամ երբ մարդիկ, ովքեր բողոքում են ներկա իշխանությունից, վերընտրում են այդ նույն իշխանությանը` Օվկիանիայում, իհարկե:

                Ուինսթընը և Ջուլիան փորձում են իրենց սիրո միջոցով պայքարել այդ տոտալիտար հասարակարգի դեմ: Նրանց բռնում են, ինչը կանխատեսելի էր, և տանում Սիրո նախարարություն, որտեղ չեն սպանում, ո՛չ, պատժում են և ստիպում անկեղծորեն սիրել Մեծ Եղբորը, հավատալ, որ երկուսին գումարած երկու հավասար է հինգի: Յուրաքանչյուրն ունի իր մոխրագույն առնետները․ տոտալիտարիզմը հաղթում է անհատականությանը:

                Ուինսթընին և Ջուլիային բաց են թողնում Սիրո նախարարությունից, նույնիսկ թույլատրում հանդիպել, բայց նրանք ոչինչ չունեն  ասելու՝ բացի նրանից, որ դավաճանել են միմյանց:

                1984 թվականի ապրիլի 4-ին Ուինսթըն Սմիթը սեղանի դարակից հանում է գրիչը, թանաքամանը և մի հաստ գրքույկ` նախատեսված գրառումների համար: Նա վերջապես համարձակվում է գրչածայրը թաթախել թանաքի մեջ և լրացնել օրագիրը: Օրագրի բոլոր էջերին նա գրում է առաջինը եկած միտքը` կորչի Մեծ Եղբայրը: Բազմաթիվ դժվարությունների միջով էր պետք անցնել հասկանալու համար, որ որքան էլ գիտակցությունը ցանկանա՝ Մեծ Եղբայրը կորչի, անգիտակցականը սիրում է նրան, և կհաղթի:

1.2 Օրուելյան ապագա

                Դեպքերը տեղի են ունենում հետպատերազմյան Լոնդոնում:

                «Դեպի հեռուն էին ձգվում տասնիններորդ դարի խարխուլ տների շարքերը՝ դիմհարած գերաններով, խավաթղթով կարկատած պատուհաններով, ծռմռծված տանիքներով, նախապարտեզների կախ ընկած միջնապատերով: Ամեն տեղ ռմբակոծությունների հետքեր էին, ավերակույտեր և անմշակ հողեր, որտեղ հրթիռները տեղ էին բացել հավաբներ հիշեցնող աղքատիկ տախտակաշեն խրճիթներ համար»[7]: Օվկիանիայի պետական կառավարման համակարգին և պատմությանն  ընթերցողը ծանոթանում  է նախ գրքի առաջին հատվածում, ապա նաև Օ’Բրայընի  հեղինակած «Օլիգարխիկ Կոլեկտիվիզմի Տեսությունն ու Պրակտիկան» գրքից․

                Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  Մեծ Բրիտանիայի ներսում  քաղաքացիական պատերազմներ էին սկսվել, ինչը թուլացրել էր երկիրը: Այդ  առիթից օգտվում է նոր համաշխարհային գերտերությունը՝ Օվկիանիան, և գրավում Բրիտանիան: Այդ նույն ժամանակ Խորհրդային Միությունն էլ է սկսում  ընդլայնումը  Արևմտյան Եվրոպայում։ Արդյունքում ձևավորվում է նոր գերտերություն՝ Եվրասիան: Միաժամանակ  Արևելյան Ասիայում ձևավորվում է երրորդ ուժը՝ Արևելասիան:

                Երրորդ համաշխարհային պատերազմն  աղետալի ավերածություններ արեց ամբողջ  աշխարհում: Հողի համար մղվող պատերազմը  վերածվեց միջուկային պատերազմի: Բազմաթիվ քաղաքներ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ռուսաստանի եվրոպական մասում ոչնչացվեցին: Գիտակցելով  ինքնաոչնչացման վտանգը՝  գերտերությունները հրաժարվեցին  զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումից, սակայն ցամաքային և օդային պատերազմը շարունակվեց: Բոլոր երեքը շարունակում էին կուտակել ատոմային ռումբ՝ հնարավոր պատերազմում հաղթելու նպատակով[8]: Խնդիրը կայանում էր նրանում, որ այդ գերտերությունները ոչ միայն չէին կարող գրավել մեկը մյուսին, այլեւ ոչ մի օգուտ չէին ունենա դրանից, քանի որ միմյանց շատ նման էին թե՛ կառավարման համակարգով, թե՛ տնտեսությամբ, թե՛ կենսապայմաններով: Իշխող կուսակցությունները շատ լավ գիտակցում էին, որ օգուտ քաղելու միակ եղանակը հավերժական պատերազմն է, որը երբեք ոչ ոք չի հաղթի: Պատճառը պարզ է` պատերազմի ժամանակ բոլորը համախմբված են, ունեն մեկ ընդհանուր նպատակ, ընդհանուր կուռք, որն իրենց կփրկի ընդհանուր թշնամուց: Մարդիկ սովի և աղքատության էին մատնված, անկարևոր էին դարձել կրթությունը, նախասիրությունները` այն ամենը, ինչը ձևավորում է մարդկանց անհատականությունը: Պատերազմի ժամանակ այդ առումով շատ ավելի հեշտ է մարդկանց կառավարելը: Շենքերի պատերին գրված «Պատերազմը խաղաղություն է» կարգախոսն էլ մարդկանց վերջնականապես համոզում էր, որ պատերազմը բնական վիճակ է, հարկավոր չէ ոչինչ փոխել[9]:

                Օվկիանիան բռնապետություն է, որի  պետական կառավարման համակարգը հիմնված է անձի՝ Մեծ Եղբոր պաշտամունքի վրա: Օվկիանիայում խորհրդարան  և  կառավարություն  գոյություն չունեն, ամբողջ իշխանությունը կենտրոնացված է միակ կուսակցության՝ Անգսոցի ձեռքերում: Մեծ Եղբոր և նրա համախոհ Էմանուել Գոլդսթեյնի շնորհիվ Անգսոցը հաղթում է ընտրապայքարում և դառնում Օվկիանիայում միակ կուսակցությունը: «Օլիգարխիկ Կոլեկտիվիզմի Տեսությունն ու Պրակտիկան» գրքում Գոլդսթեյնը մանրամասն նկարագրում է կուսակցության գաղափարախոսությունը, որը մերժում է սոցիալիզմի բոլոր գաղափարները` լինելով սոցիալիստական կուսակցություն: Գոլդսթեյնի դավաճանությունից և փախուստից հետո Անգսոցի միանձնյա  ղեկավար  է դառնում Մեծ Եղբայրը: Հետևյալ  կուսակցությունը  բաժանված է երկու մասի՝ Ներքին և Արտաքին: Ներքին կուսակցության անդամները ավելի բարձր դասի են համարվում: Ի տարբերություն Ներքին կուսակցության՝ Արտաքին կուսակցության անդամները նվազ աշխատավարձ են ստանում և չունեն հազվագյուտ դարձած ապրանքներ ձեռք բերելու հնարավորություն՝ թեյ, սպիտակ հաց, կաթ, իրական սուրճ, գինի, միրգ:  Արտաքին կուսակցակցության անդամներն  ապրում են  աղքատության մեջ և գտնվում են Մտքի Ոստիկանության մշտական հսկողության տակ: Հասարակության ավելի ցածր դասն է ներկայացնում անկուսակցական պրոլետարիատը, որը կազմում է բնակչության մոտ ութսունհինգ տոկոսը: Նրանք հանդես են գալիս որպես հիմնական աշխատուժ և եկամտի աղբյուր: Ստորին շերտն ենկազմում գրավված տարածքներից գերի վերցված  ժամանակավոր աշխատողները:

                Կառավարման բրգաձև շենքից, որտեղ գտնվում են բոլոր չորս նախարարությունները, երևում են կուսակցության  երեք կարգախոսները`

  • Պատերազմը խաղաղություն է
  • Ազատությունը ստրկություն է
  • Տգիտությունն ուժ է:

     Ինչպես կարգախոսները, այնպես էլ նախարարությունները գործում են իրենց անվան նշանակությանը հակառակ, ինչը բացատրվում է կրկնամտքով:

            Խաղաղության նախարարությունը (նորալեզվով` նախախաղը)   տնօրինում է պատերազմը: Այն պատասխանատու է ռազմական գործողությունների իրականացման համար և հաշվետվություններ է տալիս  Օվկիանիայի, Եվրասիայի և Արևելասիայի միջև պատերազմական հարաբերությունների վերաբերյալ:

           Ճշմարտության նախարարությունը (նորալեզվով՝ Նախաճշտը) հսկայական բրգաձև շինություն է` երեք հարյուր մետր բարձրությամբ: Ըստ լուրերի` այն ունի երեք հարյուր աշխատասենյակ գետնի երեսին և համապատասխան ճյուղավորում` գետնի տակ:  Նախաճշտը տնօրինում է տեղեկատվությունը, ժամանցը, կրթությունը և  արվեստները: Ճշմարտության նախարարության անդամներին հանձնարարված է  զբաղվել փաստերի և տեղեկությունների կեղծամբ` կուսակցությունն ավելի հզոր, անպարտելի ներկայացնելու նպատակով:

           Առատության նախարարությունը վերահսկում է սննդամթերքի,  կենցաղային իրերի և այլ ապրանքների առքն ու վաճառքը: Յուրաքանչյուր եռամսյակ Առատության նախարարությունը հրապարակում է կենսամակարդակի բարելավման կեղծ չափանիշներ, մինչդեռ ապրանքների որակը չի բարելավվում, գինը չի նվազում, մարդիկ էլ ապրում են սովի և աղքատության մեջ: Այդ փաստը, իհարկե, չի խանգարում, որ կառավարությունը հայտարարի աննախադեպ տնտեսական աճի մասին: Օրինակ՝ ըստ Առատության նախարարության հաշվետվության՝ Օվկիանիայում եռամսյակի ընթացքում արտադրվել է հարյուր քառասունհինգ միլիոն զույգ կոշիկ, մինչդեռ բնակչության կեսը բոբիկ է:

           Սիրո Նախարարության (նորալեզվով`Նախասիրի) շինությունը պատուհաններ չունի: Այ կարելի է մտնել միայն որևէ պաշտոնական գործով, ինչի համար նախ հարկավոր է հաղթահարել փշալարերի, պողպատե դռների և քողարկված գնզացրային բների լաբիրինթոսը: Նախասիրը զբաղվում է վերահսկողությամբ, հանցագործների հայտնաբերմամբ, ձերբակալմամբ, հարցաքննությամբ  և  պատժով: Նախարարության անդամների նպատակն է տանջել մարդկանց թե ֆիզիկապես և թե հոգեպես`օգտագործելով խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը: Սիրո նախարարության  101 սենյակում հայտնվելն ամենասարսափելի հեռանկարն է Օվկիանիայի բնակիչների համար[11]։

13 Դասային բաժանումը հակաուտոպիաների հորիզոնական շարքում

           Ջորջ Օրուելի մեկ այլ հակաուտոպիայում` «Անասնաֆերմայում», նույնպես կա  դասային բաժանում, միայն թե  բաժանումը կենդանիների միջև է: Օրինակ խոզերը, Նապոլեոնի գլխավորությամբ, Անասնաֆերմայի իշխանությունն են կազմում․ չեն աշխատում, փոխարենը ուտում են այլ կենդանիների աշխատանքը և պատժում չենթարկվելու դեպքում: Աշխատանքը բաժանված է մյուս կենդանիների միջև, որոնք խորհրդանշում են միջին և ցածր խավը[12]:

            Մեկ այլ հանրահայտ հակաուտոպիայում` Օլդոս Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհ» վեպում նույնպես պետական կառավարման համակարգը հիմնված է անձի պաշտամունքի վրա: Պաշտամունքի առարկան Հենրի Ֆորդն է, ում մեքենայի` Ford T-ի ստեղծումից հետո սկսվում է նոր` Ֆորդի դարաշրջանը:  Ինքը Ֆորդը, ինչպես և Մեծ Եղբայրը, վեպի գործողություններին անմիջականորեն չեն մասնակցում, բայց ազդեցություն ունեն հերոսների վրա: Վերոնշյալ վեպում նույնպես հասարակությունը բաժանված է դասերի` ալֆաների, բետաների, գամմաների, դելտաների և էփսիլոնների: Ալֆաները ներկայացնում են ամենաբարձր կարգը, նրանք կրում էին մոխրագույն հագուստ, մյուսների համեմատ ավելի բարձրահասակ են և ավելի խելացի: Նրանց է  հանձնարարվում մտավոր աշխատանքը` բժշկությունը, ուսուցչությունը և այլն: Բետաները  կրում են կարմիր հագուստ և հիմնականում ալֆաների օգնականներն են:  Գամմաները, որ կրում են կանաչ հագուստ, քիչ մտավոր ունակություններ պահանջող աշխատանքներով են զբաղվում: Դելտաները կրում են դարչնագույն հագուստ, նրանց աշխատանքը նույնպես հիմնականում ֆիզիկական է:   Ամենաստորին շերտը` էփսիլոնները, սև հագուստ են կրում և զբաղվում են սևագործ աշխատանքով: Կարելի է զուգահեռներ անցկացնել է և պրոլների միջև: Կառավարման մեխանիզմը հիանալի է մտածված:

           Իրականում դասակարգումն արհեստական է․ դասերի միայն անուններն են տարբեր: Բոլորը  հավասարապես են կառավարվում: Նման դասակարգումը նպատակ ունի ճնշել մարդկանց  անհատականությունը և խմբակցության անդամ դարձնել, նրանց գործողությունները կանխատեսելի դարձնել և դժգոհություններն  ուղղել ոչ թե իրական մեղավորի` ղեկավարի, այլ մյուս դասերի դեմ:

           Սկսած մանկությունից՝ մարդկանց  քնած ժամանակ հիպնոսի միջոցով արհամարհանք է ներշնչվում ավելի ցածր դասի նկատմամբ: Կառավարությունը չի սահմանափակվում այդքանով․ անհրաժեշտ էէ տարաձայնություններ ստեղծել ոչ միայն տարբեր դասերի միջև, այլ նաև դասերի ներսում: Այդ նպատակով յուրաքանչյուր դասի լավագույն ներկայացուցիչներն ստանում են «Դրական» կոչումը: Սակայն, ի տարբերություն Օրուելյան հակաուտոպիայի, Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհ» վեպում հասարակությանը կառավարում են ոչ թե վախի միջոցով և այդքան բացահայտ, այլ կեղծ ազատության միջոցով: Ամենալավ ստրուկներն այն ստրուկներն են, որոնք համոզված են, որ ազատ են, և մտքներով չի էլ անցնում պայքարել: Այդ գեղեցիկ նոր աշխարհի բնակիչները ազատ են անելու այն, ինչ ցանկանում են, իսկ թե ինչ են ցանկանում` արդեն որոշում է կառավարությունը: Կառավարվում են ոչ թե մարդիկ, այլ նրանց մտքերը, բնազդներն ու ցանկությունները[13]:

           Հակաուտոպիստական հասարակության դասային բաժանումը հանդիպում է նաև Եվգենի Զամյատինի «Մենք» վեպում: Այստեղ կառավարությունն այնքան է ճնշել մարդկանց անհատականությունը, որ նրանք զրկվել են նույնիսկ անուն ունենալու իրավունքից և փոխարենը ստացել են համարներ, օրինակ` Դ-503, Օ-90, Լ-330, Ռ-13 և այլն: Անհատականության բացակայության մասին է վկայում նաև այն փաստը, որ հետևյալ հակաուտոպիայում բոլորը միանման համազգեստ են կրում: Իշխանության նպատակն է անհատներին «Մենքի» մի մասը դարձնել[14]:

           Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» հակաուտոպիայում նույնպես հերոսները բաժանված են խմբերի` Ռալֆի և Ջեքի ղեկավարությամբ, և համախմբվելու, անհայտ գազանի դեմ պայքարելու, կղզուց ելք փնտրելու մասին մտածելու փոխարեն պայքարում են միմյանց դեմ: Անհայտ գազանի վախից և նրան հաճոյանալու նպատակով Ջեքն ու իր խումբը խոզ են որսում, կտրում գլուխը, անցկացնում  ցցի վրա և, դարձնելով այդ գլուխը գազանի խորհրդանիշը, ծիսակատարություններ իրականացնում նրա համար: Երեխաներից մեկին` Սայմոնին, թվում է, թե խոզի գլուխը խոսում է իր հետ, և նա հայտարարում է, որ այդ սարսափելի գազանը յուրաքանչյուրի մեջ է: Գոլդինգն այսպիսով ակնարկում է կրոնների ստեղծումը, որոնց հիմքում վախն է և վախից դրդված ցանկությունը՝ հաճոյանալու անհայտ ուժին: Ջեքն ու իր խումբն այնքան են տարվել իրենց պաշտամունքով, որ արդյունքում սպանում են իրենց ընկերներից մեկին` Սայմընին: Նույնիսկ զսպողական և պատժիչ մեխանիզմների բացակայության դեպքում  մարդիկ ենթագիտակցորեն միտված են  ոչ թե միայնակ գոյատևելու, այլ հասարակության մոդելներ` խմբավորումներ ստեղծելու: Ռալֆի և Ջեքի պայքարը թեժանում է, ինչի արդյունքում սպանվում է Խոզուկը: Բնազդը հաղթում է գիտակցությանը[15]:

           Կուրտ Վոնեգուտի առաջին վեպը` «Մեխանիկական դաշնամուրը», նույնպես հակաուտոպիստական է: Դեպքերը տեղի են ունենում Երրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հասարակությունը այս վեպում էլ բաժանված է խավերի`բարձր խավի, որի մեջ մտնում են ինժեներներն ու կառավարիչները, և ցածր խավի, որտեղ այլ մասնագիտությամբ մարդիկ են, որոնց աշխատանքին փոխարինել են նոր տեխնոլոգիաները:[16]

14 «Մաքուր իշխանություն» կամ երեւակայական կերպար՝ կուռք

           Ինչպես նշում է Օ’Բրայընը` Անգսոցի միակ նպատակը մաքուր իշխանության հասնելն է: Մաքուր իշխանության հասնելու ճանապարհը դժվար է, հարկավոր է կառավարել ոչ միայն  մարդկանց գործողությունները, այլ նաև նրանց մտքերն ու բնազդները: Իհարկե դա դեռ իշխանության երկարակեցության երաշխիք չէ, քանի   որ, ինչպես ցույց են տալիս նմանատիպ բռնապետերի օրինակները, նրանք վերջում, միևնույն է, ինքնակործանվում են, որովհետև մարդ են և չեն կարող կատարյալ լինել: Սխալները թուլացնում են իրենց և անվստահություն առաջացնում հասարակության մեջ: Այդ պատճառով կուսակցությունն ընտրեց առավել շահավետ և խորամանկ տարբերակ` ստեղծել ոչ թե ֆիզիկական, այլ երևակայական կերպար: Այդպիսի կերպարի նախատիպեր արդեն կային հանձին կրոնական կուռքերի` Քրիստոսի, Ալլահի, Բուդդայի, Սատանայի և այլն: Ուինսթընի այն հարցին, թե գոյություն  ունի արդյոք Մեծ Եղբայրը, Օ’Բրայընը պատասխանում է, որ Մեծ Եղբայրը գոյություն է ունեցել և միշտ էլ գոյություն կունենա, իսկ Ուինսթընը գոյություն չունի:

           Երևակայական կերպարին, իհարկե, անհրաժեշտ է նաև ֆիզիկական տեսք` առավել համոզիչ լինելու համար: Այսպիսով` Մեծ Եղբայրը դառնում է քառասունհինգամյա մի տղամարդ` թանձր սև բեղերով, կոպտավուն, բայց առնականորեն գեղեցիկ դիմագծերով: Ամենուրեք փակցված գունավոր ցուցապաստառները զգուշացնում էին, որ Մեծ Եղբայրը հետևում է բոլորին[17]:

           Ի տարբերություն Մեծ Եղբոր` «Անասնաֆերմայի» բռնապետը` Նապոլեոնը, տեսանելի է, և անմիջականորեն մասնակցում է պատմվածքի գործողություններին:  Մեծ Եղբորն անվերապահորեն վստահող և նրա անունից ղեկավարող Ներքին կուսակցության դերն «Անասնաֆերմայում» իրականացնում և Նապոլեոն խոզի կամքն է մյուս կենդանիներին հասցնում Զռան խոզը[18]:

           Օլդոս Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհում» պաշտամունքի առարկա  դարձած միապետը Հենրի Ֆորդն է, ով, չնայած՝ վաղուց մահացել է, մեծ ազդեցություն ունի հասարակության վրա: Մարդիկ կուռք են դարձրել Ֆորդին, նվիրում են նրան ծիսակատարություններ, աղոթքներ, երգեր ու բանաստեղծություններ: Եթե Մեծ Եղբոր անունից ղեկավարում է Անգսոցը, ապա Ֆորդի անունից ղեկավարում են տաս կառավարիչներ:

           Հերոսը հերոս չէ, եթե չկա նրա դեմ պայքարող հակահերոս[19]: Մեծ Եղբոր հակահերոսն է Էմանուել Գոլդսթեյնը: Հակահերոսի անհրաժեշտության մի քանի պատճառներ կան: Նախ անհրաժեշտ է հասարակությանը ցույց տալ, թե ինչ պատիժ է սպասվում Մեծ Եղբորը կամ Անգսոցին դեմ դուրս եկողներին: Երկրորդ պատճառն այն է, որ ընդհանուր թշնամին օգնում է հասարակությանը միավորվել, և, հետևաբար, ավելի հեշտ կառավարվել: Այնքան վաղուց, որ ոչ ոք չէր հիշում, Գոլդսթեյնը դեռևս Մեծ Եղբոր մտերիմն էր, կուսակցությունը նրանք երկուսով էին հիմնել: Սակայն, որոշ ժամանակ անց, Գոլդսթեյնը հեղափոխության ճանապարհն է բռնում, դավաճանում Մեծ Եղբորը: Այդ արարքի համար դատապարտվում է  մահապատժի, բայց կարողանում է առեղծվածային կերպով փախչել Օկիանիայից: Լուրեր են պտտվում, թե  նա զբաղվում է իր սկզբունքների քարոզով, ստվերային բանակ է ղեկավարում` դավադիրների ընդհատակյա ցանց, որը կոչվում է  «Եղբայրություն» , և որի նպատակը Մեծ Եղբոր իշխանության տապալումն է: Հենց այդ խմբակցությունն է տարածում Գոլդսթեյնի հեղինակած խիստ վտանգավոր և գաղտնի գիրքը: Գրքի վերնագիրը հայտնի չէ, և խոսակցություններում այն հիշատակվում է պարզապես որպես «գիրք»: Մտքի ոստիկանությունն ամեն օր հայտնում էր «Եղբայրության» մի նոր անդամի հայտնաբերման և ձերբակալման մասին` այդպիսով տարածելով վախ հեղափոխությունից և դրա համար նախատեսված պատժից: Գոլդսթեյնին էին ուղղված կուսակցության կողմից կազմակերպվող  ատելության երկրոպեներն ու ատելության յոթնօրյակները,  որոնց ժամանակ հեռէկրանին էր հայտնվում Գոլդսթեյնը, և ատելությունն սկսվում էր: Երկրոպեի ծրագիրը փոխվում էր ամեն օր, բայց գործող անձը միշտ Գոլդսթեյնն է: Նա դավադրություններ է կազմակերպում Մեծ Եղբոր դեմ, պահանջում անհապաղ հաշտություն կնքել թշնամի երկրի հետ, քարոզում էկրոնական, խոսքի, մամուլի, նույնիսկ մտքի ազատություն: Ավելի կատարյալ պատկերի համար հեռէկրանին երկրորդ պլանում քայլում են թշնամի երկրի զորքերը` որպես Գոլդսթեյնի և այդ երկրի համագործակցության ապացույց: Հետաքրքիր է, որ Նորալեզվի բառերը Գոլդսթեյնի խոսքում ավելի հաճախ են հանդիպում, քան ցանկացած կուսակցականի խոսքում:

           Ատելության երկրոպեների կամ յոթնօրյակի ժամանակ ամենասարսափելին այն չէ, որ մարդիկ ստիպված են ատելություն խաղալ, այլ այն, որ ուղղակի են կարող անտարբեր մնալ: Նրանք բղավում են,  գոռում Գոլդսթեյնի պատկերի վրա՝ չնայած, որ նրանց ատելության, վրդովմունքի պատճառը բնավ Գոլդսթեյնը չէ: Բոլորը բղավելու իրենց պատճառն ունեն, իրենց ցավը, որն այդ պահին ուղղում են էկրանի վրա, ինչը շատ շահավետ է կուսակցության համար:  Մարդկանց համախմբում է ներսում կուտակված ինչ-որ ատելություն, որը, իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես, հանկարծ ուղղվում է Գոլդսթեյնի դեմ:

15 Հերոսի եւ հակահերոսի պայքարը հակաուտոպիաներում

           Ինչպես «1984»-ի, այնպես էլ այլ հակաուտոպիաների կենտրոնական թեման հերոսի և հակահերոսի պայքարն է: Թե՛ հերոսները և թե՛ հակահերոսներն ունեն տարբեր անուններ, բայց միևնույն խորհրդանիշը․ հերոսները խորհրդանշում են անհատականությունը, իսկ հակահերոսները` բռնապետական համակարգը, որի նպատակն է անհատականությունը ճնշելու միջոցով կատարյալ իշխանության հասնելը: Ահա թե ինչին է ձգտում Անգսոցը: Մարդկանց կառավարում են ոչ միայն ֆիզիկական ցավից վախի, այլ նաև նրանց ուղեղների մեջ մտնելու, նրանց մտքերն ու բնազդները կառավարելու միջոցով: Տոտալիտար համակարգը չի ենթադրում պարտադիր պատերազմներ, արյունահեղություններ, այն կարող է իրականացվել շատ այլ` ավելի խաղաղ եղանակներով:

           «Անասնաֆերմայում» իշխանության դեմ դուրս է գալիս Ձնագնդի խոզը: Ինչպես Մեծ Եղբայրը և Գոլդսթեյնը, Նապոլեոնը և Ձնագնդին նույնպես ընկերներ են, և միասին են հաջողացրել ապստամբությունը: Նրանք ևս վիճում են իշխանության համար, և Ձնագնդին, ինչպես և Գոլդսթեյնը, հեռանում է Անասնաֆերմայից: Նրա հեռանալուց հետո բոլոր տարաձայնությունների, անհաջողությունների ու հանցագործությունների մեղավորը, ինչպես Էմանուել Գոլդսթեյնի դեպքում, համարվում է Ձնագնդին [20]:

           Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհում» իշխանությանն ընդդիմանում է Ջեքը` Վայրենին: Նրա գոյության փաստն արդեն իսկ վտանգ է ներկայացնում իշխանության համար, քանի որ անկանխատեսելի և անկառավարելի է: Արդյունքում հասարակությունը, որից նա տարբերվում է, չի ընդունում նրան: Վայրենին ստիպված է առանձնանալ հասարակությունից, բայց հիմա էլ հասարակությունը նրան հանգիստ չի թողնում, քանի որ մարդիկ ցանկանում են ինքնահաստատվել իրենցից տարբերվողի հաշվին: Հետևյալ հակաուտոպիայում հակահերոսը ողջ հասարակությունն է[21]:

           Ուիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» հակաուտոպիայում իշխանատենչ Ջեքին` հակահերոսին, ընդդիմանում է Ռալֆը: Ինքնաթիռի վթարից հետո սկզբնական շրջանում Ռալֆը և Ջեքն ընկերներ են, բայց իշխանության ենթագիտակցական ձգտման, դրա համար պայքարի արդյունքում դառնում են թշնամիներ: Նրանց պայքարը գնալով խորանում է, ինչի արդյունքում երեխաներից ոմանք նույնիսկ սպանվում են:

           Էնտընի Բյորջեսի «Լարովի նարինջ» հակաուտոպիայում բռնապետությանը դեմ է դուրս գալիս գլխավոր հերոս Ալեքսը: Ալեքսն ունի սարսափելի բնավորություն, սիրում է հին ու բարի ուլտրաբռնությունը, ծեծում է ծերերին, բռնություն է գործադրում կանանց և աղջիկների նկատմամբ: Այդ ամենն ուղեկցվում է կաթով և  Բեթհովենի իններորդ սիմֆոնիայով, որը պաշտում է Ալեքսը:  Իր վեպում Էնտընի Բյորջեսն արծարծում է այն թեման, որ կառավարչական ապառատը ճնշում է ոչ միայն դրական հատկանիշներով օժտված հերոսներին, այլ նաև հանցագործներին և հակահերոսներին: Ալեքսի վրա փորձարկում են նոր բժշկական մեթոդ, որը, ըստ բժիշկների, պետք է նրա մեջ հակակրանք ու ֆիզիկական ցավ առաջացնի ցանկացած տեսակի դաժանության մասին մտածելիս կամ դաժանության հանդիպելիս: Ալեքսին կապկպում են այնպես, որ չկարողանա փախչել կամ գլուխը շրջել, և ստիպում նայել ֆիլմեր, որտեղ դաժանության տարբեր դրսևորումներ են ներկայացված` ծեծ, բռնություն և այլն: Սկզբում Ալեքսին դա նույնիսկ դուր է գալիս, սակայն շուտով սկսում է անտանելի ցավ և սրտխառնոց զգալ նմանատիպ տեսարաններից: Ալեքսը զրկվում է իրավունքից լինելու այնպիսին, ինչպիսին կա՝ անհատականության իրավունքից[22]:

16 Լեզվի կառավարում կամ գիտակցության հոսքի արգելք

           Մարդկանց  գիտակցությունը կառավարելու համար անհրաժեշտ է կառավարել նաև նրանց բառապաշարը, քանի որ բառերից են ծնվում մտքերը: Օվկիանիայի պետական լեզուն նորալեզուն է: Նորալեզուն ստեղծվել է Անգսոցի գաղափարախոսությանը ծառայելու նպատակով: Այն բաղկացած է երեք մասից` A,B և C: A բառարանում տեղ են գտել առօրյա կյանքում անհրաժեշտ բառերը, որոնք կապված են ուտելու, հագնվելու, մեքենա վարելու, ճաշ պատրաստելու և այլ կենցաղային գործերի հետ: B բառարանը բաղկացած է բառերից, որոնք միտումնավոր ստեղծվել են քաղաքական նպատակների համար: Այդ բառերն ունեն որոշակի քաղաքական ենթատեքստ և պետք է ցանկալի մտավոր ազդեցություն թողնեն դրանք օգտագործողների վրա:   B բառարանի որոշ բառեր ունեն այնպիսի նրբերանգներ, որոնք անհասկանալի են լեզվին ամբողջությամբ չտիրապետողներին, ինչը շատ ձեռնտու է Անգսոցի համար: C բառարանը լրացնում է մյուս բառարանները և բաղկացած է բացառապես գիտական ու տեխնիկական տերմիններից: Հենց «գիտություն» բառը բառարաններում չկա, դրա ցանկացած իմաստ լիովին արտահայտվում է «Անգսոց» բառով: Երբ հնալեզուն վերջնականապես դուրս մղվի, կկտրվի անցյալի հետ վերջին կապը: Մարդը, որի համար ծնվելուց ի վեր նորալեզուն միակ լեզուն է, այլևս չի իմանա, որ երբևէ  գոյություն է ունեցել նաև այլ լեզու: Նորալեզվի խնդիրն է անհնար դարձնել մտքի ցանկացած այլ հոսք, Անգսոցի համար անբարենպաստ գաղափարները կարող են արտահայտվել միայն աղոտ, անբառ տեսքով:   Բառարանը կառուցված է այնպես, որ ճշտգրիտ արտահայտի Կուսակցական անդամին անհրաժեշտ ցանկացած իմաստ` միաժամանակ բացառելով մյուս բոլոր իմաստները: Դա հաջողվում է մասամբ նոր բառեր ստեղծել, բայց հիմնականում հեռացնելու եղանակով այն բառերը, որոնք պարունակում են կուսակցության համար կասկածելի, վտանգավոր, ոչ ուղղափառ իմաստներ, իսկ հնարավորության դեպքում` բառերի բոլոր երկրորդական իմաստները: Բացի ակնհայտ վտանգ ներկայացնող բառերն արգելելուց, բառարաններից նաև կրճատվում են բոլոր այն բառերը, առանց որոնց կարելի է դիմանալ: Բոլոր երկիմաստություններն ու իմաստային երանգները մաքրվում են: Նորալեզվի բառն իրենից ներկայացնում է կտրուկ հնչյուն և արտահայտում մեկ հստակ իմաստ: Ամենամեծ դժվարությունը բառարանը կազմողների համար ոչ թե այն է, որ ստիպված են նոր բառեր հորինել, այլ հորինելուց հետո դրանց իմաստները սահմանելը:  Ցանկացած բառ կարելի է ժխտել` ավելացնելով «չ» նախածանցը, կամ ուժեղացնել` ավելացնելով «պլյուս» կամ, ավելի ուժեղ շեշտելու համար, «կրկնակի պլյուս» նախածանցները:  Նորալեզուն ստեղծվել է ոչ թե ընդլայնելու, այլ նեղացնելու մտքի սահմանները: Հենց այդ նպատակն է հետապնդում բառերի ընտրության հնարավորությունը նվազագույնի հասցնելը: Այդ պատճառով բառարաններն անընդհատ վերաշարադրվում են:

           Անցյալի գրականության մի զգալի մասն արդեն ձևափոխվել է նորալեզվով: Ընթացքի մեջ են տարբեր գրողների` Շեքսպիրի, Միլթոնի, Սվիֆթի, Բայրոնի, Դիքենսի և այլոց ստեղծագործությունների թարգմանությունը:[23]

           Լեզուն մեծ նշանակություն ունի նաև մեկ այլ հակաուտոպիայում` Էնտընի Բյորջեսի «Լարովի նարնջում»:  Այնտեղ գլխավոր հերոսը պատմում  է իր մասին Բյորջեսի կողմից հորինված ժարգոնով` նադսատով (nadsat): Ժարգոնի անունը` նադսադ, ռուսերեն տասնմեկից տասնիննը թվերի վերջավորությունն է (надцать)[24]: Դա ռուսերենում անգլերեն teen-ի համարժեքն է: Այստեղից արդեն պարզ է դառնում, որ նադսադը հիմնված է ռուսերենի վրա և հիմնականում դեռահասների շրջանում տարածում գտած խոսելաձև է: Նադսադի հիմնական սկզբունքը խոսքի մեջ հաճախ անգլերեն  արտասանությամբ ռուսերեն բառերի օգտագործումն է, օրինակ` droog, litso, malchik, moloko   և այլն:[25]

    Երկարավուն մետաղյա սկավառակները, որոնք պղտոր հայելի են հիշեցնում, կոչվում են հեռէկրաններ: Հեռէկրանը մեկ հեռուստաալիք  ունեցող հեռուստացույցի և  տեսախցիկի միաձուլումն է: Այն միաժամանակ և՛ ընդունիչ է, և՛ հաղորդիչ, որը որսում է ցանկացած հնչյուն` եթե չափազանց ցածր շշուկով չի ասվում:  Հեռէկրանների միջոցով մարդկանց ոչ միայն լսում են, այլ նաև տեսնում:   Ցանկացած անզգույշ, կուսակցության գաղափարախոսությանը հակասող միտք իր արտահայտությունն է գտնում նաև մարդկանց դեմքերի վրա․ դա կոչվում է դիմահանցագործություն: Հեռէկրանը որսում է այդ արտահայտությունը, և  մտքի հանցագործին հարցաքննություն, մահապատիժ կամ, որ ավելի սարսափելի է,  սենյակ 101-ն է սպասվում: Սիրո նախարարությունում հայտնվելուց հետո հանցագործները «գոլորշիանում» են, կամ դառնում «Հիշատակված չմարդ»: Կարելի է հեռէկրանները մասամբ լռեցնել, բայց լրիվ անջատել անհնար  է: Ներքին կուսակցության անդամների տներում նույնպես կան հեռէկրաններ, որոնք, սակայն, ունեն օրվա ընթացքում կես ժամ անջատելու հնարավորություն:

     Հեռուստացույցների բացասական ազդեցության թեման բնորոշ է հակաուտոպիստական գրականությանը: Օրինակ` Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպում  գլխավոր հերոսի` Գայ Մոնտեգի տանը սենյակի երեք պատերը փոխարինվել են  երեք հեռուստաէկրաններով, և կինը` Միլդրեդը, պահանջում է չորրորդը: Միլդրեդը ողջ օրը հեռուստաէկրանների առջև է, որոնք չեն անջատվում: Նա նույնիսկ ընկերուհիներին է հրավիրում անիմաստ, ձանձրալի    հեռուստասերիալներ դիտելու: Ամենազավեշտալին այն է, որ երբ Մոնտեգը հարցնում է, թե ինչի մասին է հեռուստասերիալը, Միլդրեդը չի կարողանում պատասխանել: Հեռուստացույց չնայելու ժամանակ Միլդրեդի ականջներին մեծ ականջակալներ կան, որոնցով նա ողջ օրը երգ է լսում: Դա նրա տարբերակն է չմտածելու, առօրյայից կտրվելու: Գրքերն այդ հասարակությունում արգելված են, վառվում են, բայց ամենացավալին այն է, որ նույնիսկ եթե արգելք չլիներ, մարդիկ չէին ելնի հեռուստաէկրանների դիմացից և գիրք չէին կարդա[26]:

           Օլդոս Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհում» հասարակությանը բթացրել է ոչ միայն հեռուստացույցը, այլ նաև մյուս նոր տեխնոլոգիաները, որոնք, կատարելով մարդկանց աշխատանքը, նույնիսկ նրանց փոխարեն մտածելով բթացնում և ծուլացնում են մարդկանց:

           Հասարակությանը ղեկավարելու համար անհրաժեշտ է նաև ղեկավարել տեղեկատվությունը: Մարդկանց հասնում է այն տեղեկությունը, որը  ձեռնտու է կուսակցությանը, և որը, հաճախ, հեռու է իրականությունից: Անընդհատ  փոփոխվում են  ամսագրերում, պաշտոնական փաստաթղթերում, դասագրքերում և այլ աղբյուրներում տեղ գտած փաստերը` ըստ կուսակցության ցանկության: Անցյալը գոյություն չունի, քանի որ ցանկացած պահի կարող է փոխվել: Փաստերը միայն մարդկանց հիշողության մեջ են, բայց սարսափելին այն է, որ, ինչպես նշում է ՈՒինսթընը,  մարդիկ նույնիսկ չեն էլ նկատում, որ խաբվում են: Նրանք չեն հիշում կամ ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ, օրինակ, Օվկիանիան պատերազմում էր Արևելասիայի դեմ և դաշնակցում Եվրասիայի հետ միայն վերջին չորս տարում, մինչ այդ պատերազմում էր Եվրասիայի դեմ և դաշնակցում Արևելասիայի հետ: Պատմության գրքերում նշված է, որ Օվկիանիան միշտ է պատերազմել Արևելասիայի դեմ և միշտ է դաշնակցել Եվրասիայի հետ, և մարդկանց համար դա բավարար է: Իսկ հատուկ լավ հիշողություն ունեցողների համար կա կրկնամիտքը, որի միջոցով կարելի է բացատրել և որպես ճշմարտություն ներկայացնել բացարձակապես ամեն ինչ: Թշնամի և դաշնակից երկրների անընդհատ փոփոխությամբ Օրուելը խորհրդանշում է Խորհրդային միության  արտաքին թշնամու մշտական փոփոխությունները:

17 Գիրքը՝ բռնապետության թշնամի

            «Անասնաֆերմայում» նույնպես արտաքին թշնամին անընդհատ փոփոխվում է: Մեկ կենդանիները պատերազմում են Փինչֆիլդ ագարակի տեր Պարոն Ֆրեդերիկի, մեկ Ֆոքսվուդ ագարակի տեր Պարոն Փիլինգթոնի հետ: «Անասնաֆերմայում» արծարծվում է նաև տեղեկատվության կեղծման խնդիրը: Ագարակը գրավելու առաջին իսկ օրը կենդանիները յոթ պատվիրաններ են մտածում և գրում դարպասին: Հետագայում, Նապոլեոն խոզի հրամանով, Զռանը թաքուն փոփոխում է պատվիրաններն այնպես, ինչպես այդ պահին ձեռնտու է իրենց: Մյուս կենդանիներն այդ փոփոխությունները չեն էլ նկատում:

            Հակաուտոպիաներում հաճախ  բռնապետության համար վտանգ են ներկայացնում գրքերը: Գրքերի վրա է հիմնվում կրթությունը, իսկ կրթված մարդը ձգտում է ազատության, դժվար է վերահսկվում: Էմանուել Գոլդսթեյնի հեղինակած  «Օլիգարխիկ Կոլեկտիվիզմի Տեսությունն ու Պրակտիկան» գիրքը պարզապես գիրք են անվանում` այդպիսով ենթագիտակցորեն տհաճություն և վախ առաջացնելով այլ գրքերի հանդեպ: Դասագրքերում տեղ գտած տեղեկություններն անընդհատ փոփոխվում են` ըստ կուսակցության ցանկության:

           Գրքերի վտանգի թեման արծարծվում է նաև «Անասնաֆերմայում»: Ապստամբության սկզբնական շրջանում, երբ կենդանիները գտնում են նախկին ագարակատիրոջ` Պարոն Ջոնզի գրքերը, որոշում են կարդալ և զբաղվել ինքնակրթությամբ, որպեսզի առավել արդյունավետ ղեկավարեն Անասնաֆերման: Կենդանիներն ակտիվորեն սկսում են սովորել այբուբենը: Որքան շատ տառեր են կարողանում սովորել, հետագայում այնքան ավելի քիչ են ենթարկվում խոզերին: Ավանակ Բենյամինը, ով կարողանում է վարժ կարդալ և շատ խելացի է, չի վստահում խոզերին: Սակայն Բենյամինը հեղափոխության ցանկություն չունի, նախընտրում է լուռ իրեն հանձնարարված աշխատանքը կատարել և չխառնվել մյուս կենդանիների գործերին: Բենյամինը սիրում է կրկնել, որ կյանքը կշարունակվի այնպես, ինչպես միշտ է շարունակվել՝ ի նկատի ունենալով, որ իշխանությունները երբեք  լավը չեն եղել և չեն էլ դառնա[27]:

           Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» հակաուտոպիայում իշխանության պայքարը գրքերի դեմ կենտրոնական թեման է: Ինչպես նշվում է վեպի վերջաբանում` 451 աստիճանն ըստ Ֆարենհայթի այն ջերմաստիճանն է, որի ժամանակ այրվում է թուղթը: Ստեղծվել է նոր մասնագիտություն` հրշեջներ, որոնց աշխատանքն է գրքեր այրելը: Գրքի հերոսը` Գայ Մոնտեգը, նույնպես հրշեջ է: Ամեն օր բացահայտվում են մարդիկ, ովքեր իրենց բնակարաններում թաքուն գիրք են պահում և կարդում: Հրշեջների խնդիրն է այրել այդ բոլոր գրքերը, իսկ եթե գրքերի տերը չի համաձայնում հանձնել գրքերը` այրել նրան գրքերի հետ միասին:[28]

           Օլդոս Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհ» վեպում հերոսը` Վայրենին, կարդում է Շեքսպիր: Նա այնքան է հիացած և ոգևորված Շեքսպիրի գաղափարներով, որ անգիր է արել և հաճախ մեջբերում է նրան: Հատկապես սիրում է կրկնել Շեքսպիրյան այն արտահայտությունը, որը դարձավ վեպի վերնագիրը` «Գեղեցիկ նոր աշխարհ»: Արտահայտությունը վերցված է Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսից: Չկարդացած հասարակության մեջ նա շատ է տարբերվում, ինչի պատճառով էլ նրան չեն ընդունում և աքսորում են:

18  Երեխաների դաժանությունը

           Անգսոցը նաև շատ լավ հասկանում է, որ հարկավոր է վերահսկել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագան` երեխաներին և երիտասարդներին: Որոշվում է օգտագործել երեխաների ի ծնե դաժանությունը և վառ երևակայությունը: Ծնողները ստիպված են ողջ օրը տանից բացակայել՝ աշխատանքի պատճառով, երեխաները միայնակ են, խաղալու ցանկություն ունեն, և կուսակցությունը հոգ է տանում, որ ազատ ժամանակը լրացնեն պատերազմ-պատերազմ խաղալով` միայն թե իրական մարդկանց հետ: Այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին «Լրտեսն» է, վերածում է երեխաներին անկառավարելի փոքրիկ վայրենիների: Գերի վերցվածների մահապատիժը վայելելուց զրկելը նրանց համար խիստ պատիժ է: Երեխաներին սովորեցնում են նաև հետևել ծնողներին, լսել և ձայնագրել նրանց խոսակցությունները և անհնազանդության անգամ չնչին  կասկածի դեպքում հայտնել Մտքի ոստիկանությանը: Երեխաներին դա որպես խաղ է ներկայացվում, նրանք այդ խաղից մեծագույն հաճույք են ստանում:

           Երեխաների ի ծնե դաժանության թեման շատ ավելի հանգամանալից վերլուծել է Ուիլյամ Գոլդինգն իր  «Ճանճերի տերը» հակաուտոպիայում: Այստեղ ինքնաթիռի վթարի արդյունքում մի խումբ երեխաներ հայտնվել են անմարդաբնակ կղզում, որտեղ չկան ո՛չ  զսպողական օղակներ` ընտանիք, դպրոց և այլն, ո՛չ պատժի հեռանկար: Աստիճանաբար նրանց մոտ դաժանության բնազդը գլուխ է բարձրացնում, արդյունքում երեխաները սկսում են սպանել: Իրադրությունը Օվկիանիայում տարբերվում է: Երեխաների ի ծնե դաժանությունն այնտեղ նույնպես չի զսպվում, բայց փոխարենն ուղղորդվում է:

                Հատուկ վերահսկման են արժանանում նաև երիտասարդները: Որոշակի տարիքում նրանց ուղարկում են Երիտասարդական հակասեռային միություն: Այստեղ նրանց շատ լավ մեկնաբանում են կուսակցության դիրքորոշումը: Ըստ այդ դիրքորոշման՝ մարդիկ պետք է ամուսնանան  իրենց համար հնարավորինս տհաճ զուգընկերոջ հետ` կուսակցության պարտադիր համաձայնությամբ: Սեռական հարաբերությունները պետք է ունենան միայն մեկ` վերարտադրողական նպատակ: Երբ ՈՒինսթընի կինը` Քեթրինն իմանում է, որ նրանք չեն կարող երեխա ունենալ, հեռանում է ամուսնուց: Կուսակցության կարծիքով  ցանկացած զգացմունք   կարող է հանգեցնել կուսակցության համար ոչ ցանկալի մտքերի, քայլերի և նույնիսկ ընդվզման: Կա նպատակ  արհեստական բեղմնավորման անցնելու և, այդպիսով, ամուսնության ինստիտուտը վերացնելու: Կուսակցությունը վտանգավոր է համարում և մերժում է սերը, որովհետև անկարող է կառավարել այն: Սերը կարող է պայքարելու ուժ կամ նպատակ տալ, իսկ կուսակցությունը չի կարող թույլ տալ, որ բացի իրենից այլ նպատակ, արժեք լինի: Երբ Ուինսթընը ստանում է Ջուլիայի նամակը, նրա մտքով անգամ չի անցնում, որ Երիտասարդ հակասեռային միության այդ օրինակելի անդամը կարող է բավարար խիզախ լինել՝ սիրո խոստովանություն անելու համար: Առավել ևս նրա մտքով չի անցնում, որ ինքը կհամաձայնի: Ուինսթընի համար այդ համաձայնությունը  պայքարի արտահայտում է:

           Երիտասարդության բնազդները` մասնավորապես դաժանությունը և չենթարկվելու հանդեպ հակումը կառավարելու թեման արծարծել է նաև Էնտընի Բյորջեսն իր «Լարովի նարինջ» հակաուտոպիայում: Երիտասարդներն այս վեպում  սարսափեցնում են իրենց դաժանությամբ և բարոյական սկզբունքների բացակայությամբ:  Դաժանությունը բուժելու նոր մեթոդն օգնել է, բայց խնդիրն այն է, որ չեզոքացվել է դաժանություն գործելու կարողությունը, բայց ոչ ցանկությունը: Հեղինակն այստեղ բարձրացնում է այն թեման, որ անհնար է բնազդները` այդ թվում նաև դաժանության հանդեպ հակումը, ամբողջովին չեզոքացնել, նույնիսկ կառավարել քչերին է հաջողվում:

19 Մեղքի եւ պատժի թեման հակաուտոպիայում

           Պատահական չէ, որ մոդեռնիզմի գրականության մեծ մասում գլխավոր թեման մեղքն ու պատիժն է: Մոդեռնիզմի համար պտղաբեր հող է նախապատրաստում Դարվինը, ով իր տեսությամբ խախտում է կրոնի հիմքերը: Այնուհետև Նիցշեն իր «Զվարթ գիտություն» գրքում հայտարարում է, որ Աստված մահացել է: Իսկ արդեն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ավանդական արժեքների և հատկապես կրոնի` առանց այդ էլ խարխուլ հիմքերը քանդվում են: Գիտակցելով, որ նախկին արժեքներն  այլևս հզոր և ապահով չեն, չեն պաշտպանում պատերազմներից, մարդիկ հեռանում են այդ արժեքներից, ինչի համար իրենց մեղավոր են զգում անցյալի հանդեպ: Իսկ մեղքի զգացումից ազատվելու, խիղճը հանգստացնելու  միակ տարբերակն այդ մեղքի համար պատժվելն է: Դա է պատճառը, որ մոդեռնիստական գրականության շատ հերոսներ ենթագիտակցորեն ձգտում են պատժի, նույնիսկ եթե իրենց մեղքը երևակայական է: Սվիդրիգայլովը ինքնասպանություն է գործում մեղք գործելուց առաջ, երբ դեռ միայն մտածում է մեղքի մասին: Գրեգոր Զամզային դուր է գալիս ուտիճ լինելը, նա առանց դիմադրության ենթարկվում է ընտանիքի պահանջին` փակվում է  սենյակում և սովամահ լինում, քանի որ այդպիսով  ինքն իրեն ենթագիտակցորեն պատժում է ընտանիքին հիասթափեցնելու երևակայական մեղքի համար: Պատիժն ավելի նախընտրելի, եսասիրական և հեշտ որոշում է, քան որպես պատիժ  խղճի խայթից տառապելը: Պատժի համակարգը նաև ցանկացած տոտալիտար համակարգի գոյության պայմաններից մեկն է, որը կառավարում է ոչ միայն մարդկանց գործողությունները, այլ նաև մտքերն ու բնազդները: Պատժի մեխանիզմը հիմնված է վախի  վրա: Շատ հանցագործություններ չեն իրագործվում պոտենցիալ հանցագործների` պատժի հեռանկարից վախի շնորհիվ: Օվկիանիայում հասարակության վերահսկումն իրականացնում է Մտքի ոստիկանությունը և ցանկացած չնչին կասկածի դեպքում ձերբակալում է մարդկանց: Պատիժն իրականացնում է Սիրո նախարարությունը, որտեղ գտնվող հարյուրմեկերորդ սենյակում մարդկանց սպասվում է  հանդիպում ամենամեծ ենթագիտակցական սարսափի հետ: Ուինսթընին նույնպես տանջում է մեղքի զգացումը, քանի որ դավաճանել է Մեծ Եղբորը, Անգսոցին, ում համար աշխատում է: Այդ իսկ պատճառով նա փնտրում է մեղսակից, հարազատ հոգի սկզբում Օ՚Բրայընի, ապա նաև Ջուլիայի մեջ: Ջուլիայի գրկում Ուինսթընին թվում է, թե իրենք մեռյալներ են: Պատժի` բավականին հումանիստական տարբերակներից մեկի մահվանից հետո խիղճը հանգստանում է, մարդն  ազատություն է զգում: Ուինսթընը Ջուլիայի կողքին իրեն զգում է այնքան ազատ, որքան կզգար մահվանից հետո: Մտքի ոստիկանությունը բռնեց ՈԻինսթընին ու Ջուլիային, և նրանց սպասվում է շատ ավելի հակաուտոպիստական պատիժ, քան մահը՝ կամ հրաժարվել սկզբունքներից, ճշմարտությունից և ընդունել, որ երկուսին գումարած երկու հավասար է հինգի, կամ մեկընդմիշտ ջնջվել պատմությունից, փաստաթղթերից ու մարդկանց հիշողություններից այնպես, կարծես գոյություն չեն էլ ունեցել: Օ՚Բրայընը նրան երկար է հարցաքննում` կոպտելով, տանջելով, ժպտալով, հասկացող հայացքով: Պատժի նպատակն է ոչ այնքան պատիժը, որքան հասարակությանը այդ պատժի հեռանկարով վախի մթնոլորտում  պահելն ու կառավարելը: Սիրո նախարարությունը մտքի հանցագործներին ստիպում է ոչ միայն խոստովանել հանցագործությունը, այլ նաև անհուն սիրով ու հավատարմությամբ լցվել Մեծ Եղբոր հանդեպ, որը փրկել է նրանց սխալ ճանապարհից: Ուինսթընը շատ է ցանկանում խոստովանել, բայց չի կարողանում անկեղծ հավատալ, որ երկուսին գումարած երկուսը հավասար է ոչ թե չորսի, այլ հինգի, երբեմն էլ երեքի կամ յոթի` ըստ կուսակցության ցանկության:  Այդ ժամանակ ՈՒինսթընին տանում են հարյուրմեկերորդ սենյակ: Այնտեղ Ուինսթընին սպասում են շագանակագույն առնետները, որոնցից ինքը սարսափում է: Ի վերջո լինում է ամենասարսափելին` Ուինսթընն ընդունում է, որ սիրում է Մեծ Եղբորը, սիրում է հարմարավետ ստրկությունը, երբ ոչ մի մեղքի զգացում, ոչ մի վախ պատժից իրեն չեն տանջում :

           «Նա նայեց հսկայական դեմքին: Պետք եկավ քառասուն տարի` հասկանալու, թե ինչ ժպիտ է թաքնված թավ բեղերի տակ: Օ~ դաժան, անպիտան թյուրիմացություն: Օ~ համառ, կամակոր արտաքսում քեզ սիրող կրծքից: Ջին բուրող երկու արցունք հոսեց քթեզրերից: Բայց ամեն ինչ կարգին էր, ամեն ինչ կարգին էր: Պայքարն ավարտված էր: Նա հաղթել էր ինքն իրեն: Նա սիրում էր Մեծ Եղբորը»[29]:

[1] Ջորջ Օրուել, 1984 : Երևան, «Անտարես», 2012, էջ 228

[2]Տես George Orwell, Politics vs Literature։ An examination of Gulliver’s travels , http://orwell.ru/library/reviews/swift/english/e_swift, (մուտք՝ 30․06․2016 )

[3] Տես The Masterpiece that killed George Orwell, https://www.theguardian.com/books/2009/may/10/1984-george-orwell, (մուտք՝ 30․06․2016 )

[4]Տես George Orwell, Why I write, http://orwell.ru/library/essays/wiw/english/, (մուտք՝ 30․06․2016 )

[5] Nineteen eighty-four, https://en.wikipedia.org/wiki/Nineteen_Eighty-Four, (մուտք՝ 30․06․2016 )

[6] Ջորջ Օրուել, 1984 : Երևան, «Անտարես», 2012, էջ 332

    Ջորջ Օրուել, 1984 : Երևան, «Անտարես», 2012, էջ 5        

[8] Michael Sheldon, The World of George Orwell : London, Paper, 1971. Sheldon,

http://orwell.ru/library/articles/totalitarianism/english/e_lat, (մուտք՝ 30․06․2016)

[10] Ջորջ Օրուել, 1984 : Երևան, <<Անտարես>>, 2012,   , էջ 4․

[11] Տես Проблемка, http://www.krotov.info/library/02_b/ez/anson_12.htm., (մուտք՝ 29․0․2016)

[12] Տես George Orwell, Animal Farm: A Fairy Story : London, Secker and Warburg, 1945, էջ 12-18.

[13]Տես Aldous Huxley, Brave New World : London, Chatto and Windus, 1932, p.  31-34.

[14] Տես Евгений Замятин, Мы : Россия, Avon Books, 1988, стр. 18-24.

[15] Տես William Golding, Lord of the Flies : London, Faber and Faber, 1954, p. 18-60.

[16] Kurt Vonnegut, Player Piano : United States, Charles Scriber’s Sons, 1952, p. 30-38.

[17] Տես Джилас М., Лицо тоталитаризма:: Москва, Литпринт,1992, էջ 539.

[18] Տես Зверев А. М, О Старшем Брате и чреве кита. Оруэлл Дж. «1984» и эссе разных лет: Москва,

Прогресс, 1989,էջ 5-21.

[19] Տես Мазепа: Герой и антигерой. Прототипы литературных героев,

https://www.youtube.com/watch?v=RPsN63JQxdw, (մուտք՝ 30․06․2016)

[20]Տես George Orwell, Animal Farm: A Fairy Story : London, Secker and Warburg, 1945, էջ 40-48.

[21]Տես  Шестаков В., Социальная антиутопия Олдоса Хаксли, миф и реальность :Москва, Прогресс, 1969, էջ 230-247.

[22] Տես “Круги на воде с Юлией Чернявской”. Джордж Оруэлл, пророк и доносчик, https://www.youtube.com/watch?v=2u_pGDIceWQ. (մուտք՝ 29․06․2016)

[23] Ջորջ Օրուել, 1984 : Երևան, <<Անտարես>>, 2012, էջ 317

[24] Տես Clockwork Orange, https://en.wikipedia.org/wiki/A_Clockwork_Orange, (մուտք՝ 30․06․2016)

[25] Anthony Burgess, A Clockwork Orange : United Kingdom,  William Heinemann, 1962, p. 64-100.

[26] Шахназаров Г. X., Антиутопия и жизнь : Москва, Прогресс, 1983, стр, 199-209.

[27] George Orwell Biography, http://www.cliffsnotes.com/literature/n/1984/george-orwell-biography, (մուտք՝ 29․06․2 016)

[28] Ray Bradbury, Fahrenheit 451: United States, Ballantine Book,1953.

[29] Ջորջ Օրուել, 1984 : Երևան, <<Անտարես>>, 2012, էջ 316